National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները
1 / 5

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 27-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Աշխատանքային խումբը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի քանի առաջարկներ, ամփոփել նախորդ նիստերում քննարկված առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներ Լենա Նազարյանը եւ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել են, որ իրենց համար եւս ընդունելի է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի՝ Ազգային ժողովի, Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ի սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար: ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները կարող են ներկայացնել նաեւ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը եւ կազմը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար: ԿԸՀ-ն ստացված նյութերը պետք է տեղադրի կայքում՝ ներկայացվելուց հետո՝ մինչեւ հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները հիմնականում համընկնում էին, ուստի եւ ձեռք բերվեց փոխհամաձայնություն: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկել փոփոխություն, համաձայն որի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կգործի 2022 թվականից ուժի մեջ մտնող դրույթը եւ կանանց թիվն օրենսդիր մարմնում կլինի 33 տոկոս, իսկ հաջորդ ընտրություններին, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ օրենսդիրների հարաբերակցությունը խորհրդարանում կլինի 40/60 տոկոս:

Աշխատանքային խումբը համախոհությամբ եւ փոքր-ինչ փոփոխված ընդունել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որով առաջարկվում է իջեցնել ԱԺ ընտրագրավի չափը: Գործող օրենսդրությամբ այն 10 մլն դրամ է: Քննարկման արդյունքում ընդունելի է համարվել ՀՀ ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ իջեցնել ընտրագրավը 7,5 մլն դրամի:

Քննարկվել է նաեւ «Ժառանգության» մեկ այլ առաջարկ, որով նախատեսվում է արգելել համայնքի ղեկավարների՝ անընդմեջ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:

Քանի որ այս առաջարկը վերաբերում էր ՏԻՄ-երին, եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները չէին կարող հայտնել իրենց կուսակցությունների տեսակետները, որոշվեց դրան անդրադառնալ հետագա քննարկումների ժամանակ:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը անհրաժեշտության դեպքում կկայանա հուլիսի 31-ին: Իսկ մինչ այդ ՀՀ ԱԺ խմբակցությունները կամփոփեն իրենց կողմից ընդունելի առաջարկները եւ դրանք կներկայացնեն ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am